Ամերիկյան Billboard ամսագիրը հրապարակել է 21-ից ցածր տարիքի ամենաազդեցիկ փոփ-աստղերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: 21 արտիստների վարկանիշային աղյուսակը գլխավորել է 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը: Հրատարակությունը ժամանակակից շոու-բիզնեսը նույնիսկ հռչակել է «Բիբերի աշխարհ»:
Երկրորդ հորիզոնականում բրիտանական One Direction խումբն է, որի մասնակիցների տարիքը տատանվում է 18-20-ի սահմանում: Այս խումբը դարձել է պատմության մեջ առաջին բրիտանական խումբը, որին հաջողվել է ամերիկյան շքերթը գլխավորել իր դեբյուտային սկավառակով: Անցած տարվա վարկանիշում One Direction-ը 19-րդ տեղում էր:
Աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է 20-ամյա ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոն, որը մեկ տարի առաջ 7-րդ տեղում էր:
Ամենաազդեցիկ երիտասարդ երաժիշտների ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Սկոտի Մակրիրին, Մակ Միլլերը, Սելենա Գոմեսը, Փորթեր Ռոբինսոնը, Շեր Լլոյդը, Էրլ Սվիթշիրթը և Նիք Ջոնասը:









































