Եվրամիության 27 երկրներից 11-ի արտգործնախարարներն առաջարկել են ԵՄ-ում ստեղծել նախագահի պաշտոն, որը կընտրվի համընդհանուր քվեարկությամբ, հիմնել միության արտաքին գործերի նախարարություն, մտցնել միասնական եվրոպական այցագիր և, հնարավոր է, կազմել միասնական բանակ: Այս մասին հաղորդում է բրիտանական մամուլը՝ վկայակոչելով եվրամիության ապագայի հարցերով զբաղվող խմբի նիստում ընդունված բարեփոխումների նախագիծը:
Եվրամիության ապագայի հարցերով զբաղվող խմբի մեջ մտնում են 11 երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները (ԵՄ բոլոր առաջատար երկրները՝ բացի Մեծ Բրիտանիայից): Խմբում գլխավոր դերը վերապահվում է Ֆրանսիային և Գերմանիային:
«Որպեսզի Եվրոպան դառնա իրական գործող անձ և համաշխարհային առաջնորդ, այն պետք է ունենա ինստիուտների ուժեղ կառուցվածք… Դրա համար անհրաժեշտ է նախագահ, որը կընտրվի ուղղակիորեն և անձամբ կնշանակի «եվրոպական կառավարության» անդամներին»,- ասվում է Վարշավայում կայացած հանդիպման արդյունքում Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ:
Բարեփոխումների նախագիծն առաջարկում է չեղյալ համարել վետոյի իրավունքը, որն այժմ ունեն ԵՄ մի շարք երկրներ արտաքին քաղաքականության և անվտանգության, ինչպես նաև համաեվրոպական պայմանագրերի վավերացման հարցերում: Դա նշանակում է, որ ԵՄ երկրները ստիպված կլինեն հաստատել անգամ այն արտաքին քաղաքական միջոցառումները, որոնց հետ իրենք համաձայն չեն: Բացի այդ, նրանք կզրկվեն հանրաքվեների անցկացման արդյունքում ընդունված փաստաղթերը մերժելու հնարավորությունից:
Նախագիծն առաջարկում է ուժեղացնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի գերատեսչության լիազորությունները և այն դարձել լիարժեք համաեվրոպաան դիվանագիտական նախարարություն: Նախատեսվում է նաև ստեղծել միասնական ոստիկանական մարմին, որը կզբաղվի ԵՄ սահմանների հսկողությամբ, ինչպես նաև Եվրախորհրդարանում ձևավորել եվրոգոտու երկրների պատգամավոների հատուկ պալատ, որը կզբաղվի միասնական արժույթին վերաբերող միջոցառումների քննարկմամբ:
Հարկ է նշել, որ նախագծի աշխատանքներին մասնակցող 11 երկրներից բոլորը չէ, որ պաշտպանել են միասնական եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը, ուստի փաստաթղթում դրա մասին շատ զգույշ է խոսվում:
«Նպատակն է ձևավորել եվրոպական պաշտպանական քաղաքականություն, որը ներառում է միասնական ջանքեր ռազմական արդյունաբերւթյան, այդ թվում՝ սպառազինության միասնական շուկա ստեղծելու շուրջ: Որոշ անդամ-երկրների համար դա ժամանակի ընթացքում կնշանակի միասնական բանակի ստեղծում»,- ասվում է հայտարարության մեջ:









































