Քաղաքական իշխանության փոփոխությունից հետո կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը շարունակել հնարավոր չի լինի: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը, հարկավոր է հրաժարվել այն մոդելից, որ ընտրվել է, քանի որ այն 2014 թ. հունվարի մեկից պետք է գործողության մեջ դրվի, իսկ 2013 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձն է հարկվում:
«Պետք է հրաժարվել այս մոդելից, առնվազն հետաձգել, և մշակել նոր մոտեցումներ, նոր մոդելներ: Սա էլ պետք է տա երաշխիք թե՛ կենսաթոշակառուների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու և թե՛ գումարները ՀՀ տնտեսութան մեջ արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց Ա.Մինասյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումից հրաժարվելու մեխանիզմը հեշտ է և արդեն մշակված է. «Բարդություն չկա: Մեր առաջարկած մոդելը ոչ միայն թանկ չի նստի, այլև երկրի զարգացման համար հիմքեր է ստեղծում»:







































