Pittsburgh սուզանավի հրամանատար Մայքլ Ուորդը, որը Գրոտոնում Ամերիկայի ռազմածովային բազայի անդամ էր, որոշել է իր սիրավեպն ավարտել բավական անսովոր ձևով՝ բեմադրելով սեփական մահը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախույզներին:
Նրանց խոսքերով` 43-ամյա Ուորդը նախկին սիրելիին հորինված գործընկեր Բոբից էլեկտրոնյին նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ ինքը, իբր, մահացել է,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես պատմել է Ուորդի 23-ամյա ընկերուհին, որը Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքի բանկում է աշխատում և չի ցանկացել բարձրաձայնել իր անունը, ինքը նրա հետ ծանոթացել է համացանցի միջոցով անցած տարվա հոկտեմբերին:
Ուորդը, որը իրականում ամուսնացած է և մի քանի երեխա ունի, նրան ասել է, թե բաժանված է:
Ստանալով սիրելիի մահվան լուրը` կինը հարազատների ուղեկցությամբ անմիջապես գնացել է նրա տուն: Դուռը բացել է մի անծանոթ մարդ, որը հայտնել է, որ Ուորդը ողջ է:
Կնոջ խոսքով` ինքը պատմությունը բացահայտել է ոչ թե վրեժ լուծելու համար, այլ քանի որ համարում է, որ «այդպիսի սուտասան մարդը չի կարող սուզանավ ղեկավարել»:
Սուտասանը հեռացվել է աշխատանքից:










































