Facebook սոցիալական ցանցի ակտիվիստները ստորագրահավաք են սկսել ընդդեմ բնապահպանության նախկին նախարար, ներկայիս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի, որի վերաբերյալ Նյու Յորքի դատարանն օրերս կայացրել էր մոտ 40 միլիոն դոլարի պարտավորության վճիռ, որ Այվազյանը պետք է կատարի նախարար եղած ժամանակ կատարած անօրինականությունների համար:
Վարդան Այվազյանը, բնականաբար, հայտարարում է, որ ինքը որևէ ապօրինություն չի կատարել: Ավելի լավ. ըստ երևույթին, նա ևս պետք է միանա նախաձեռնությանն ու համաձայնի, նաև պահանջի Ազգային ժողովից` ստուգել բնապահպանության նախարար եղած տարիներին նրա գործունեությունը: Եթե ինքը որևէ ապօրինի բան չի արել, ապա այդ ճանապարհը լավագույնն է հանրության առաջ արդարանալու համար:
Ավելին` երևի թե բոլոր քաղաքացիական ակտիվիստները, որոնք այսօր պահանջում են քննել Այվազյանի գործունեությունը նախարար եղած տարիներին, նրա օրինապաշտության գործուն ապացույցներից հետո կկանգնեն նրա կողքին և թույլ չեն տա, որ ամերիկյան կամ եվրոպական որևէ դատարան նեղացնի մեր օրինապաշտ գործչին: Այնպես որ` քաղաքացիական ակտիվիստները առաջարկում են Վարդան Այվազյանի պաշտպանության լավագույն ճանապարհը, և եթե Ազգային ժողովի նրա կուսակից մեծամասնությունը մերժի նրա նախարարական գործունեությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու քաղաքացիական պահանջը, ուրեմն այդ կուսակից մեծամասնությունն իրականում ցանկանում է, որ Վարդան Այվազյանը հայտնվի ծուղակում և դառնա հերթական «իզգոյը» իշխանական համակարգում:
Այս ամենը զավեշտ չէ: Ամենևին: Որևէ դեպքում չի կարելի զավեշտի վերածել այն, որ աշխարհի գերհզոր պետության դատարաններից մեկը այդօրինակ վճիռ է կայացնում Հայաստանի Հանրապետության նախկին նախարարի և ներկա պատգամավորի հանդեպ: Այստեղ միայն Վարդան Այվազյանի գործը չէ, այլ նաև պետության: Օրինակ` արտգործնախարարության: Հայաստանի արտգործնախարարությունը գոնե կարող է նման «անմեղ» դեպքերում քիչ թե շատ աշխատել ու կապվել ամերիկացիների հետ ու պարզել, թե այդ ինչ պատմություն է Վարդան Այվազյանի հետ կապված: Թեև ավելի հավանական է, որ Հայաստանը չի փորձի բացել այդ կծիկը, որը կարող է քանդվել և իր հետ միասին քանդել մի ամբողջ սխեմա Հայաստանի կառավաման համակարգում` բացահայտելով կոռուպցիոն ռիսկերի մի հսկա ջրվեժ:
Հայաստանն, ըստ ամենայնի, կփորձի հնարավորինս լռեցնել, խլացնել աղմուկը Այվազյանի մասով: Այվազյանն ինքը, բնականաբար, կբղավի, որ անմեղ է, օրինապաշտ և իր միլիոններն ու բազմաթիվ հանքերը բնապահպանության նախարար եղած տարիներին ձեռք է բերել միմիայն պահպանելու նպատակով: Իսկ ահա պետական խողովակով Հայաստանը չի փորձի անել ոչինչ:
Իսկ ի՞նչ կանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` որպես խորհրդարանական երկրորդ խմբակցություն: «Բարգավաճ Հայաստան»-ը կմիանա՞ քաղաքացիական հասարակության նախաձեռնությանը և կողմ կլինի՞ Ռոբերտ Քոչարյանի նախագահի հովանավորությամբ տարիներ շարունակ բնապահպանության նախարար աշխատած Վարդան Այվազյանի գործունեությունն ուսումնասիրելուն, քաղաքացիականության և ժողովրդավարության ջատագովի դիրքերից հանդես եկող Վարդան Օսկանյանը կողմ կլինի՞, որ ուսումնասիրվի իր նախկին և ներկայիս գործընկեր Այվազյանի նախարարական գործունեությունը:
Թե՞ այս ամենը Ռոբերտ Քոչարյանի համար դուրեկան չի լինի, հետևաբար անդուր կլինի նաև Վարդան Օսկանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի համար:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































