Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկայում ստուգումներ է անցկացնում Հայաստանի 4 ձկնաբուծարաններում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը, ստուգումների հիմքում Ռուսաստանից ստացված ահազանգն է:
Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», արգելել է սեպտեմբերի 27-ից Ռուսաստանի տարածք հայկական «Ակվատեխավտոմատիկա» ընկերության արտադրանքի ներմուծումը, քանի որ Հայաստանից ներմուծվող «Իշխան» ձկնատեսակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունը նախկինում նույնպես հայտնվել էր Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սև ցուցակում»:
«Հենց հիմա ստուգում ենք իրականացնում: Ռուսաստանից պաշտոնապես ենք ստացել տեղեկությունը, բայց չի նշվում, թե որ փուլում է իրականացվել այդ նմուշառումը՝ սահմանի՞ն, թե՞ իրացման ցանցում: Շատ կարևոր է նաև հասկանալ` տեղափոխման պայմաննե՞րը չեն պահպանվել, թե՞ իրացման ցանցում է խնդիրն առաջացել, որովհետև Հայաստանից արտահանվող ձկնեղենը լաբորատոր փորձաքննության հիմա վրա է արտահանվում»,- ասաց Պիպոյանը՝ վստահեցնելով, որ ստուգումների արդյունքները լիարժեք ունենալուց հետո դրանք կհրապարակվեն, նաև կփոխանցվեն ռուսական կողմին, ինչից հետո պարզ կդառնա՝ ընկերությունները կկարողանա՞ն արտահանում իրականացնել, թե՞ ոչ:
Նշենք, որ 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է մոտ 610 տոննա ձկնամթերք՝ 2011-ի նույն ժամանակաշրջանի 264.8 տոննայի փոխարեն: ՀՀ-ից ձուկ արտահանվում է հիմնականում դեպի Ռուսաստան և Վրաստան: Արարատյան դաշտում գործում են մոտ 300 ձկնաբուծական տնտեսություններ:








































