Պակիստանի կառավարությունը թույլատրել է գերագույն դատարանին դարձյալ հետաքննել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի կոռուպցիայի գործը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գրեթե երկու տարի նախարարներն արգելափակում էին նոր հետաքննություն սկսելու ցանկացած փորձ: Սակայն այսօր վարչապետ Ռաջա Փորվեզ Աշրաֆը հայտնել է, որ արդարադատության նախարարը դիմել է Շվեյցարիային՝ 2007թ. ուղարկված նամակը հետ կանչելու խնդրանքով:
Նամակում Պակիստանը խնդրում էր շվեյցարական իշխանություններին դադարեցնել Զարդարիի նկատմամբ գործի հետաքննությունը:
Անձամբ Պակիստանի նախագահն իր դեմ մեղադրանքներն անվանում է քաղաքականապես մոտիվացված:
Զարդարին ու նրա հանգուցյալ կինը՝ Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն 2003թ. մեղավոր էին ճանաչվել շվեյցարական մի ընկերությունից միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ: