Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադարձել է նախագահ Իլհամ Ալիևի ֆրանսիական այցին:
Հասանովի խոսքերով՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ առաջնահերթ պլանում լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Ղարաբաղյան հակամարտությունը մշտապես լինում է այլ երկրների նախագահների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումների առաջնահերթ պլանում:
Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և այդ երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ անպայման քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակն ու դրա հեռանկարները, այդ հակամարտության շուրջ ծավալվող գործընթացները, Ադրբեջանի դիրքորոշումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և հետագա քայլերը»:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով երեկ է մեկնել Ֆրանսիա:








































