Ավելի քան 130 բանտարկյալ, որոնք պատիժ են կրում Մեքսիկայի Պիեդրաս Նեգրաս քաղաքում` ԱՄՆ-ի հետ սահմանին, երկուշաբթի երեկոյան կազմակերպել են զանգվածային փախուստ։ Այս մասին հայտնել են Մեքսիկայի Կոաուիլա նահանգի իշխանությունները,- հաղորդում է РИА Новости-ն:
Փախած հանցագործների թիվը ճշտվում է: Բանտում եղել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 730 բանտարկյալ:
Որոշ տվյալներով` փախստականները կարող էին դուրս գալ ստորգետնյա թունելով:
Փախստականների որոնմանը մասնակցում են դաշնային և տեղական ոստիկանությունների ուժերը, բանտի շենքը վերցված է ուժեղացված հսկողության տակ: Տեղի իշխանությունները բանտարկյալներին հայտնաբերելու և ձերբակալելու խնդրանքով արդեն դիմել են հարևան ԱՄՆ-ին:
Արդեն ձերբակալվել են Պիեդրաս Նեգրասի բանտի տնօրենը, նրա երկու օգնականները և պահակախմբի անդամները: Նահանգի անվտանգության հարցերով մամլո քարտուղար Սերխիո Սիսբելեսը հայտնել է, որ ձերբակալված է բանտի 30 աշխատակից:
Փախստականների մասին ցանկացած տեղեկության համար նշանակված է 200 000 պեսո (15 000 դոլար) պարգևատրություն:
Նախնական տվյալներով` փախած հանցագործներից չորսին հայտնաբերել են բանտի տարածքը հսկող օրինապահները: Բախման հետևանքով փախստականները սպանվել են:
Զանգվածային փախուստները Մեքսիկայի բանտերից եզակի չեն. 2010-ի վերջին Նուևո Լարեդո քաղաքի բանտից փախել էր 151 բանտարկյալ:











































