Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ԱՄՆ դեսպանատան մոտ մի քանի օր չդադարող բողոքի ցույցերի հետևանքով ձերբակալվել է 110 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազությանը:
Անցյալ երեքշաբթի Եգիպտոսում ամերիկյան դեսպանատան մոտ սկսվեց պիկետ՝ որպես բողոքի նշան ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմի: Հաջորդ օրը ցույցերը վերածվեցին երիտասարդ եգիպտացիների խմբերի և ոստիկանության միջև բախումների:
ՆԳՆ ստորաբաժանումները ամբոխին դեսպանատան մոտ չթողնելու համար կիրառում էին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Կահիրեի կենտրոնում 4 օր տևած բախումների հետևանքով զոհվել է 1 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:
Երկուշաբթի գիշերը ոստիկանությունը ձերբակալել է ևս 40 մարդու, որոնց, ինչպես և ավելի վաղ ձերբակալվածների դեմ մեղադրանք է ներկայացվել անկարգություններ սադրելու, պետական և մասնավոր գույքը փչացնելու, Եգիպտոսի անվտանգության ուժերի վրա հարձակումներ գործելու մեջ:
Ոստիկանության հետ բախումներին մասնակցած ավելի քան 10 ձերբակալված ծայրահեղականներ ազատ են արձակվել՝ անչափահաս լինելու պատճառաբանությամբ և հանձնվել են ծնողներին:
Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին հայտնել է, որ ձերբակալվածներից ոչ ոք «չի պատկանում որևէ կազմակերպության կամ հասարակական շարժման»:











































