ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:
Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։






































