Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ կիրակի օրը մոտ 300 մարդ է մասնակցել ցույցի` ի նշան ամերիկյան սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի:
Ցույցը կազմակերպվել էր «Հազբ ուտ-թահրիր» ռադիկալ շարժման կողմից, որը հանդես է գալիս շարիաթի օրենքներով պետություն ստեղծելու դիրքերից: Մի ժամանակ Մեծ Բրիտանիայում քննարկվում էր այդ շարժումն արգելելու հարցը:
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ այն կազմակերպվել է ի նշան աշխարհի մյուս քաղաքներում տեղի ունեցող նման ելույթների հանդեպ համերաշխության:
«Ցուցարարները դատապարտում են իսլամի և մեր կրոնի խորհրդանիշերի հանդեպ ցանկացած վիրավորանք, որն ուղղված է պատմության մեջ վեհագույն մարդու կերպարն աղավաղելուն»,- նշվում է շարժման փաստաթղթում:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` ցույցի ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:









































