Գրոհայինները, որոնք երեկ հարձակվել էին Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա, որտեղ ծառայում է բրիտանացի արքայազն Հարրին, ոչնչացրել են 6 կործանիչ և այլ սարքավորումներ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Բրիտանական Bastion և ամերիկյան Leatherneck ճամբարները միավորող ՆԱՏՕ-ի համալիրի դեմ հարձակումն իրականացրել է 15 մարդ: Նրանց հագին եղել է ամերիկյան բանակի համազգեստ: Նրանք ոչնչացրել են բրիտանկան 6 AV-8B Harrier կործանիչներ, վնասել այլ երկուսը և շարքից հանել լիցքավորման 6 կայաններ, վնասել 6 անգար:
Ըստ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության` գրոհայինները զինված են եղել նռնականետերով և ինքնաձիգներով, հիանալի պատրաստված են եղել: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է ամերիկյան զինվորական համազգեստը հայտնվել նրանց մոտ:
Բախման հետևանքով 14 գրոհային է ոչնչացվել, իսկ մեկը` վիրավորվել և պատանդ է վերցվել: Զոհվել են ԱՄՆ-ի երկու ծովային հետևակայիններ, վիրավորվել է 8 զինծառայող և բազայի մեկ քաղաքացիական աշխատող:
Հիշեցնենք` հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժումը: Այդ կերպ նրանք վրեժխնդիր են եղել հակաիսլամական ֆիլմի համար:









































