Վարդան Այվազյանը hayeli.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում կատարել նյու–յորքյան դատարանի որոշումն ու վճարել ավելի քան 37.5 մլն. դոլար տուգանքը։
«Գործով զբաղվող իրավաբանները կներկայացնեն գործի մանրամասները: Միայն նշեմ, որ ես չեմ եղել անգամ պայմանագրին կողմ: Չի կարող պայմանագրային կողմ չունեցողը արբիտրաժային պատասխանատվության ենթարկվի: Ուղղակի անհեթեթ է, որ դեպքերը տեղի են ունենում Հայաստանում, իսկ դատավարությունը՝ Նյու Յորքում»:
Հարցին, թե ով է եղել պայմանագիրը կնքողը, Վարդան Այվազյանն ասել է. «Քցողները կասեն ոնց են քցել: Ինձ հետ պատահածը նույնն է, որ ՀՀ քաղաքացուն դատեն Վենեսուելայում կամ Չիլլիում»:
Ի դեպ, հարցը քննարկվել է վարչապետին կից տնտեսական խորհրդարանում, դիմել են վարչական դատարան: Դատական այս քաշքշուկների քաղաքական ենթատեքստի մասով Վարդան Այվազյանն ասել է. «Չե՞ք տեսնում, թե որոշ լրատվամիջոցներ ինչպիսի ջանասիրությամբ են ներկայացնում խնդիրը: Եթե ուշադրություն դարձնենք, թե 2006-ից, երբ կնքվեց գործարքն ու մինչև հիմա որ լրատվամիջոցներն են անընդմեջ անդրադառնում հարցին, ամեն ինչ պարզ կդառնա: Խնդիրը ներքին քաղաքական հարթության մեջ է: Որովհետև, ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ին կարո՞ղ էր հետաքրքիր լինել իմ քաղաքական դիրքորոշումն ու գործունեությունը: Պատահածը ներքին քաղաքական խարդավանքների հետևանք է»:
Նշենք, որ ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ հազար ԱՄՆ դոլար և երկու ցենտ ($37,537,978.02):










































