«Խաչվերաց նշանակում է խաչի վեր բարձրացում: Այս տոնն իր հաջորդականությամբ տաղավար տոներից վերջինն է և իր մեջ ամփոփում է հարության խորհուրդը»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Այս տարի Խաչվերացը կնշվի սեպտեմբերի 16-ին, եկեղեցիներում առավոտյան կմատուցվի պատարագ, որից հետո երեկոյան կանցկացվի ժամերգություն. «Ժամերգությունից հետո եկեղեցու շուրջը կազմակերպվում է թափոր, որտեղ խաչը կզարդարենք ռեհաններով և Ավետարանից կընթերցենք Խաչվերացին վերաբերող հատվածներ: Ինչու ռեհան, որովհետև այն համարվում է արքայական ծաղիկ»:
Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն էլ ասաց, որ Հայաստանի տարբեր մասերում այս օրը կազմակերպվում էին ուխտագնացություններ, տոնն այնքան մեծ անուն ուներ, որ Կարնո լեռնաշղթայի գագաթներից մեկը այսօր հայտնի է Խաչափայտ անունով, իսկ այս լեռան ստորոտին գտնվում է Խաչկա նշանավոր վանքը, որը տոնի գլխավոր ուխտատեղիներից մեկն էր. «Այս օրը մարդիկ իրենց ննջեցյալների հոգու հանգստության համար ուլ կամ ուտելիք էին տալիս աղքատներին: Հատկանշական է, որ բացի ժողովրդական Սբխեչ անունից, այս տոնն անվանում էին նաև Ուլնոց»:
Վերջում քահանան հավելեց, որ Խաչվերացը միայն ննջեցյալների տոնը չէ: Սա հոգևոր տոն է, որը պիտի նշի յուրաքանչյուր քրիստոնյա:










































