Թեպետ Լիբիայի գործող ղեկավար Մուամար Քադաֆին, ելույթ ունենալով սերբական հեռուստատեսության եթերում, երեկ կրկին հայտարարել է, թե երկիրը շուտով կազատվի մի խումբ ահաբեկիչներից, սակայն, ինչպես Լիբիայից հայտնում են լրագրողները, երկիրը գրեթե ամբողջությամբ դուրս է Քադաֆիի վերահսկողությունից:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, փետրվարի 27-ին Լիբիայի «հեղափոխական կոմիտեն», որը անվանում են նաև երկրի ժամանակավոր կառավարություն, հայտարարել է Տրիպոլիի վրա արշավելու իր ծրագրերի մասին:
«Ազատ քաղաքների հետ մեկտեղ մենք հավաքում ենք ուժեր, որ երթ կազմակերպենք դեպի Տրիպոլի և գահընկեց անենք Քադաֆիին»,- ասված է Նալուտա քաղաքի ղեկավարության հայտարարության մեջ, որը մի քանի տասնյակ այլ քաղաքների հետ մեկտեղ ազատվել է Քադաֆիի վերահսկողությունից: «Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր Լիբիայի արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլի գլխավորությամբ նոր ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին, որի նստավայրն առժամանակ կլինի Բենղազի քաղաքում, որն ամբողջությամբ վերահսկվում է ընդդիմության կողմից:
Ինչպես հաղորդում է BBC-ին, փետրվարի 27-ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը կոչ է արել Քադաֆին անհապաղ վայր դնել Լիբիայի նախագահի լիազորությունները: Ըստ վարչապետի` այդ ուղերձներն են դրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա բանաձևում, որով պատժամիջոցներ են կիրառվել Քադաֆիի, նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ, սառեցվել են նրա հաշվեհամարները, արգելվել է նրանց ելքը երկրից:
«Բոլոր այս միջոցները հստակ ուղերձ են այս ռեժիմին` գնդապետ Քադաֆին պետք է հեռանա և դա պետք է անի հենց հիմա: Ապագայի Լիբիայում նա տեղ չունի»,- ավելացրել է Քեմերոնը:











































