Այս շաբաթվա սկզբին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց:
«168 ժամ»-ի տեղեկություններով, իրականում Ա. Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հայտնի պատմության հետ: Ըստ թերթի աղբյուրների, Փայտյանը ներգրավված է եղել Բրազիլիայից ներմուծված գոմեշի ժամկետանց բրիկետը բանակին մատակարարելու, համապատասխան մրցույթը շահելու գործընթացում: Մրցույթում հաղթող է ճանաչվել Ա. Փայտյանի հետ համագործակցող մի ընկերություն, որը ներկրել է արտաքինից տավարի մսից ոչնչով չտարբերվող ժամկետանց «գոմեշի բրիկետներ»:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ միայն լաբորատոր ստուգումների արդյունքում է հայտնաբերվել ճշմարտությունը, քանի որ, ինչպես նշեցինք` գոմեշի բրիկետն արտաքնապես տավարի մսից գրեթե ոչնչով չի տարբերվում: Բայց գոմեշի բրիկետն իր կալորիականությամբ հարյուրապատիկ զիջում է տավարի մսին: Որոշ տեղեկություններով, սակայն, Ա. Փայտյանին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից, քանի որ նա փաստացի կապ չունի մրցույթը շահած ընկերության հետ: Նա այդ «օպերացիան» վերահսկել է` «շեֆի» կարգավիճակով: Ի դեպ, ասում են, որ այս գործում ներգրավված են ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս: Երեկ «168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է նաև ՀՀ ՊՆ հասարակայնությւսն հետ կապերի վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել այս տեղեկությունը: Իսկ հարցին, թե` լաբորատոր ստուգումների արդյունքներն արդեն հայտնի՞ են, նա պատասխանել է, որ գործը գտնվում է քննչական վարչությունում, և հարցը պետք է ուղղել հենց նրանց:









































