«Մենք սա կանխագուշակում էինք: «Ժամանակ» օրաթերթն էլ իր լուման ունի, որ համոզիչ ապացուցեց` գազի գինը արդեն իսկ, ԵՄ երկրների մեծ մասի համեմատ, ՀՀ բնակիչների համար ավելի թանկ է»,- մեկնաբանելով գազի գինը այս տարի չբարձրացնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը` «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ սոցիալապես անապահովների համար գազի գինը կարող է նույնիսկ իջնել, ինչպես նշվել էր պաշտոնական հաղորդագրությունում, ապա ըստ Հ.Բագրատյանի, դա նույնպես սպասելի էր, քանի որ գազի գնի բարձրացումը ՀՀ-ում ուղեկցվում է գազի սպառման ծավալների և հետևաբար «ՀայՌուսգազարդի» եկամուտների աննախադեպ նվազմամբ:
«ՌԴ-ն ի՞նչ գործ ունի մեր սոցիալապես անապահով խավի հետ: ՌԴ-ն ոչ մի գործ էլ չունի, պարզապես գազի սպառման ծավալների աննախադեպ անկում էր արձանագրվել, երկու տարում մոտ 40 տոկոս: Հիմա ռուսները սրանց ասել են` փող թվեք ձեր ժողովրդին, որ կարողանան գազն առնել, այդքան որ աղքատ է ձեր ժողովուրդը, գազ չի առնում, ես ո՞նց բարձրացնեմ: Սա է խնդրի էությունը»,- ասաց Հ.Բագրատյանը:
Նրա խոսքով, վերջապես «տեղ հասավ», որ գազի մեծածախ գնի («սահմանի վրայի գնի») և մանրածախ գնի (բնակիչներին վաճառվող գնի) միջև ՀՀ-ում հսկայական տարբերություն կա, ինչն անթույլատրելի է:
«Հայաստանում պետք է պարզ լինի, որ թեև «ՀայՌուսգազարդը» ասում է` իբր ՀՀ-ի շահերը շատ է պաշտպանում, իրականում մտել է «Գազպրոմի» ու Ռուսաստանի հետույքը` աննախադեպ չափով բարձրացնելով ՀՀ-ում գազի գինը` ռուսներին ասելով, թե եկեք մեծածախ գինը փոքր ցույց տանք, բայց մանրածախի հաշվին Ձեր մեծածախը ավելի քան կփոխհատուցենք: Փառք Աստծո, որ մեր հայցը դատարան թույլ տվեց վեր հանելու այս բոլորը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
«Ես նաև ցավում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չխորացավ այս ամենի մեջ: Շնորհակալություն եմ հայտնում այն լրագրողներին ու մասնագետներին, որոնք որ հասկացան «ՀայՌուսգազարդի» կողմից գազի մանրածախ և մեծածախ գնի հետ տարվող այդ խաղը: Աշխարհին ու ՀՀ-ին համոզիչ ապացուցվեց, որ հենց այս պահին, առանց գազի գինը է՛լ ավելի բարձրացնելու, ՀՀ-ն ստանում է շատ ավելի թանկ գազ, քան Եվրոպայի երկրների մեծ մասը»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ գազի գինը չբարձրացնելը իսկապես «փոքրիկ հաղթանակ էր ժողովրդի կողմից»:
«Օգտվելով առիթից` կոչ եմ անում Երևանի ու Գյումրիի քաղաքապետերին, ինչպես նաև բոլոր մյուս քաղաքների ու գյուղերի քաղաքապետերին ու գյուղապետերին գազը ձեռք բերել այսօր խոշոր սպառողների համար հաստատված գնով` մոտ 92 հազար դրամ/հազ. խմ գնով և ցրել բնակիչներին` թույլ չտալով նրանց գազը գնել 132 հազար դրամ/հազ. խմ գնով: Ճիշտ այնպես, ինչպես արվում է ամբողջ Եվրոպայում»,- նշեց Հ.Բագրատյանը:










































