Եգիպտոսի իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը սեպտեմբերի 14-ին կոչ է արել համերկրացիներին հրաժարվել նոր բողոքի ակցիաներից՝ կապված ամերիկյան արտադրության հակաիսլամական ֆիլմի հետ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Վերջին երկու իրադարձությունների ֆոնին «Եղբայրները» որոշել են սահմանափակվել խորհրդանշական բողոքի ակցիայով Թահրիր հրապարակում՝ թույլ չտալու համար որևէ մեկի գույքի փչացում, ինչպես նաև վիրավորներ և մահեր»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Մի քանի օր առաջ, սակայն, իսլամիստները կոչ էին անում եգիպտացիներին դուրս գալ փողոցներ բողոքների ավանդական օրը՝ ուրբաթ: Ակնկալվում էր, որ ցույցին կմասնակցեն հազարավոր մարդիկ:
Մուսուլմանական մի շարք երկրներում հակաամերիկյան բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 11-ին: Դրանց պատճառը ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որի հեղինակը ծաղրում է Մուհամմեդ մարգարեին:
Սեպտեմբերի 11-ին Կահիրեում ցուցարարները հարձակվեցին ԱՄՆ դեսպանատան վրա՝ պոկելով ամերիկյան դրոշը և այն փոխարինելով սև դրոշով:
Այսօր Կահիրեում նրանք քարեր են նետել ԱՄՆ դեսպանատան վրա: Իրավապահների հետ տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 224 ցուցարար և 31 ոստիկան:
Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի արձագանքը ստեղծված իրավիճակին Վաշինգտոնին այնքան էլ կոշտ չի թվում:








































