Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում և մասնավորապես ածխաջրածինների արդյունահանման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնել Ուկրաինայի հետ: Այս մասին երեկ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հանդիպումից հետո, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը.
«Մենք կարծում ենք, որ Թուրքիան և Ուկրաինան կարող են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի փոխադրումը, Թուրքիայի տարածքում ստորգետնյա գազապաստարանների կառուցումը, ինչպես նաև ածխաջրածինների համատեղ արդյունահանումը»:
Յանուկովիչն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է միանալ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործմանը, որը Թուրքիայի արևելքից ձգվելու է մինչև Բուլղարիա կամ Հունաստան՝ դառնալով «Հարավային գազային միջանցք» նախագծի բաղկացուցիչ մասը:
Ներկայումս ակնկալվում է, որ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար նախատեսված այդ գազատարը շահագործման կհանձնվի 2017 թվականի վերջին: Ավելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին՝ խնդրելով իրեն մասնաբաժին տրամադրել TANAP գազատարում, սակայն մերժում էր ստացել: Գազատարի 80 տոկոս բաժնեմասը պատկանում է Ադրբեջանին, իսկ 20 տոկոսը՝ Թուրքիային:










































