Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է ՈւԵՖԱ-ի մեդիաբաժանմունքի աշխատակցի հարցերին:
-Հենրի՛կ, Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլը շատ հաջող անցկացրեց և լավ արդյունքի հասավ: Նոր ընտրական փուլ է մեկնարկել: Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի հավաքականի՝ նոր խաղերին նախապատրաստության ծրագրից:
-«Եվրո-2012»-ի ընտրական փուլն արդեն պատմություն է, և դրա հետ կապված չեն լավագույն հիշողություններս: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի նոր հաջողությունների հասնենք:
-«Եվրո-2012»-ի ընտրական փուլից բավականին մեծ ժամանակ է անցել: Ի՞նչ գնահատական կտաք այդ փուլում ձեր թիմի խաղին:
-Կարող եմ ասել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը երիտասարդ թիմ է ստեղծում և վստահում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների: Նրան ժամանակ է հարկավոր: Նա նոր սխեմաներ է փորձարկում, և առաջին խաղերում դժվարություններ ունեցանք: Այժմ պետք է փորձենք դասեր քաղել արդեն ավարտված խաղերից:
-Անցած հարցազրույցի ժամանակ Դուք պնդում էիք, որ Հայաստանի հավաքականի հաջողությունը ոչ թե պատահականության, այլ ֆուտբոլիստների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ո՞րն է նման հաջողության գաղտնիքը:
-Հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները փորձում են խաղադաշտում թողնել իրենց ողջ ուժն ու էներգիան: Բոլորը ցանկանում են աշխատել և կատարելագործել իրենց որակները: Նա, ով քրտնաջան աշխատում է, հասնում է արդյունքի:
-Այդ հաջողություններից հետո հայերն ավելի՞ շատ են սկսել հետաքրքրվել ֆուտբոլով:
-Ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը միշտ եղել է, սակայն կար մի ժամանակահատված, որ ոչ ոք չէր հավատում մեր թիմի հաջողությանը: Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր են կապում մեզ հետ:
-ԱԱ ընտրական փուլի առաջին խաղը տեղի կունենա Իտալիայի հավաքականի հետ: Կարո՞ղ է հաջողություններ ունենալ ձեր հավաքականն այդ խաղում:
-Մենք ամեն ինչ կանենք, որ ոչ միայն խնդիրներ ստեղծենք Իտալիայի հավաքականի համար, այլև հաղթանակ տանենք, քանի որ հանդես ենք գալու տանը՝սեփական երկրպագուների ներկայությամբ: Մենք պետք է անենք հնարավորը:
-Ի՞նչ կարող եք ասել Իտալիայի ազգային հավաքականի՝ «Եվրո-2012»-ում ելույթների մասին:
-Իտալացիներն ամենադիտարժան խաղը ցուցադրեցին «Եվրո-2012»-ում: Նրանք հրաշալի էին խաղում, և հակառակորդները չէին կարողանում հակախաղ գտնել: Նրանք արժանի էին եզրափակիչում խաղալուն:







































