Միշել Հազանավիչուսին առաջարկում են զբաղվել «Գազանների այգում» («In the Garden of Beasts») ֆիլմի ռեժիսուրայով: Այս մասին հաղորդում է Deadline.com-ը:
Ֆիլմը կհիմնվի ամերիկացի գրող Էրիկ Լարսոնի համանուն գրքի վրա: Լարսոնի աշխատանքը, որը գրված է ոչ գեղարվեստական ժանրով, առաջին անգամ հրապարակվել է 2011 թվականին: Գրքում իրադարձությունները զարգանում են XX թթ.30-ական թվականներին: Խոսքը Գերմանիայում ամերիկացի դեսպան Ուիլյամ Դոդդի ընտանիքի մասին է:
Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ Դոդդին ֆիլմում կմարմնավորի Թոմ Հենքսը: Նատալի Փորթմանը դիտարկվում է որպես գլխավոր հերոսի դստեր դերի թեկնածու: Հենքսը հանդես կգա նաև նախագծի պրոդյուսերներից մեկի դերով:
Միշել Հազանավիչուսի վերջին ռեժիսորական աշխատանքը «Արտիստը» կատակերգական դրաման է: Կինեմատոգրաֆիստն անձամբ է գրել ֆիլմի սցենարը: Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2011-ին: 84-րդ Օսկար մրցանակաբաշխությանը ֆիլմը արժանացել է 5 մրցանակի, այդ թվում գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:








































