ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ արձագանքել է «Հայկական ժամանակ»-ի այն հրապարակմանը, ըստ որի` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Աժ-ին չի ուղարկել 2011-ի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2011-ի գործունեության մասին հաղորդումը դեռևս մարտի 29-ին ծառայական փոստով ուղարկվել է խորհրդարան: Իսկ այն փաստը, որ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում այդ հաղորդումը չի հրապարակվել, ինչպես նախորդ տարիներին է դա եղել, դատախազությունը հետևյալ կերպ է պատճառաբանել. «Օրենքը չի նախատեսում, որ տվյալ հաղորդումները պետք է տեղադրվեն դատախազության ինտերնետային էջում, հետևաբար դրանք հրապարակելու պարտավորություն դատախազությունը չունի»:
Այսինքն, ըստ գլխավոր դատախազության, իր գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդամենը ներքին` միջգերատեսչական գրագրության առարկա է, որը պարզապես նախատեսված է օրենքով: Դատախազության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որում էլ ամրագրված է Աժ-ին և հանրապետության նախագահին նման հաղորդում ներկայացնելու պահանջը, վերնագրված է. «Դատախազության գործունեության հրապարակայնությունը»: Այսինքն, առանց հաղորդման հրապարակման` Դատախազության մասին օրենքի դատախազության գործունեության հրապարակայնության ապահովման պահանջը չի կարող կատարվել: «ՀԺ»-ն գրում է, որ գլխավոր դատախազությունում այս պարզունակ իրողությունը, կարծես, ժամանակին` գոնե մինչև 2011 թվականը հասկացած են եղել, ինչի վկայությունն է այն փաստը, որ 2007-ից մինչև 2010 թվականների գործունեության մասին խորհրդարանին ներկայացված հաղորդագրություններն իրենց կայքում հրապարակել են: Բայց 2011-ի վերաբերյալ հաղորդումը, չգիտես ինչու, գաղտնի են պահել և այժմ էլ, օրենքի խախտումը շտկելու փոխարեն, փորձում են «կռուտիտ» լինել:









































