«Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի և Սևանի Ավետարանական հավատքի եկեղեցու ավագ հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի միջև 2011թ. սկիզբ առած դատական վեճը իր հանգուցալուծումը կստանա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիշյալ գործով եկեղեցու առաջնորդի դատապաշտպանի կողմից արդեն բողոք է ներկայացվել Եվրադատարան` արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքների խախտման և խտրականության արգելման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է CrossNews-ը:
2012թ. հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել Վերաքննիչ դատարանի 2011թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Մինչ այդ Գեղարքունիքի մարզի դատարանը 2011թ. հուլիսի 13-ին կայացրած վճռով Սևանի Ավետարանական հավատքի եկեղեցու առաջնորդ Վ. Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետագայում մերժել էր Վ. Բաղդասարյանի ներկայացրած բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ի դեպ, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր Ավետարանական հավատքի եկեղեցու առաջնորդի և նրա պաշտպանների դիմումը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին և բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը` գործն ուղարկելով Առաջին ատյանի դատարան:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ կրկին դատական նիստ է կայացել, որի ընթացքում արդեն երկրորդ անգամ եկեղեցու ներկայացուցիչները բողոքարկել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ Գեղարքունիքի դատարանը գործի նոր քննություն նշանակելուց հետո էլ մերժել է Աշոտ Հարությունյանի, Վլադիմիր Բաղդասարյանի և պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիմումները` քրեական գործ հարուցելու պարտավորեցման մասին:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 10-ին «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանը և Էդուարդ Պետրոսյանը մտել էին Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենք: Սևանի Ավետարանական հավատքի եկեղեցու առաջնորդ Վ. Բաղդասարյանը փորձել էր լրագրողներին դուրս հրավիրել շենքից, ինչի արդյունքում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը):
CrossNews-ի թղթակցի հետ զրույցում Ավետարանական հավատքի եկեղեցու հովվի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ այդ շենքը հանդիսացել է մասնավոր սեփականություն, և լրագրողները չեն ունեցել որևէ թույլտվություն այդ շենք մուտք գործելու համար: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածքը այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային կառույցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը:
Ռ. Ռևազյանը ներկայացրել է նաև մի քանի դրվագ միջադեպի վերաբերյալ. «Դատարանում վկաներից մեկը հայտնել էր, որ օպերատոր Էդուարդ Պետրոսյանը հայտարարել է, թե չի նկարահանում, սակայն երեկոյան տեսել է, որ խաբել է, նա նկարահանել է, և եթերով ցուցադրել են` իրեն ներկայացնելով որպես պարտիզան:
Մեկ այլ վկա ցուցմունք էր տվել, որ լրագրողներն իրեն վիրավորական հարցեր էին տալիս, ինքը շարունակ պահանջում էր չնկարահանել, սակայն լրագրողներն իրեն խաբել էին` ասելով, թե չեն նկարահանում, բայց երեկոյան եթերից պարզ էր դարձել, որ նկարահանել են:
Այնուհետև նկարահանող խումբը բարձրացել է շենքի երկրորդ հարկ, որտեղ դեպքի մասին արդեն տեղեկանալով` իրենց ընդառաջ է եկել եկեղեցու առաջնորդ Վ. Բաղդասարյանը և երկու անգամ խնդրել անջատել տեսախցիկը»: Փաստաբանի խոսքերով` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Ըստ Ռ. Ռևազյանի` այստեղից ակնհայտ է, որ լրագրողների գործունեությունը եղել է անօրինական և խախտել է այլ անձանց իրավունքները:
Լրագրող Արփի Սուքիասյանը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ցանկացած վայր առանց դուռը ծեծելո՞ւ է մտնում, պատասխանել էր. «Ես ցանկացած տեղ մտնում եմ… Ես կարամ չծեծեմ ու նախագահական նստավայր մտնեմ»:
Դատարանում ուսումնասիրված ձայնասկավառակում երևում է, թե ինչպես է լրագրող Ա. Սուքիասյանը դեպքի ականատես կանանցից մեկին դիմում հետևյալ խոսքերով. «Ցանկություններդ, աղջիկ ջան, ուրիշ տեղ կեթաս կդրսևորես, գիտես` ցանկություններն ում հետ են դրսևորում, եղա՞վ, իմ հետ ցանկություն
չես…, ամեն դեպքում, եթե շեղումներ չունես, ցանկություններդ հակառակ սեռին
դրսևորի»:
Մեկ այլ կադրում Վ. Բաղդասարյանը հարցնում է լրագրողին` ո՞նց դիմեմ Ձեզ, ինչին լրագրողը պատասխանում է. «Ես խի՞ պիտի ներկայանամ», իսկ հետագայում ավելացնում. «Երբ որ դուք կպատասխանեք, ես կպատասխանեմ, իմ
անունը ամեն օր եթերից հնչում է»:
Փաստաբանի հավաստմամբ` ըստ քրեական գործում առկա նյութերի և
լրագրողների խոսքերի`նրանք եկել էին Սևան «Հայաստանում գործող
աղանդավորական կազմակերպությունների գործունեության վտանգավոր լինելու
թեմայի շուրջ տեսանյութ նկարահանելու նպատակով»:
«Այն, որ լրագրողներն ի սկզբանե նպատակ են ունեցել սևացնելու տվյալ կրոնական կազմակերպության գործունեությունը, արդեն ակնհայտ է, և այստեղ հարց է
առաջանում` արդյոք Վ. Բաղդասարյանն իրավունք չունե՞ր թույլ չտալու
նկարահանեն իրեն, թե` ոչ: Պատասխանը միանշանակ է՝ դա եղել է իր
իրավունքը»,- նշել է Ռ. Ռևազյանը:











































