«Հայաստանը Թուրքիայի հետ որևէ անվտանգության համակարգում չեմ պատկերացնում և չեմ ուզում պատկերացնել: Եվրասիական միության պարագայում տնտեսական հարաբերություններն արդեն ածանցյալ են դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով թուրքական Hürriyet պարբերականում հրապարակված Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինի տեսակետը, ըստ որի՝ անցած 20 տարիների ընթացքում ռուսական հասարակությունում առկա գաղափարախոսական վակուումը կարող է լրացնել եվրասիականության նոր գաղափարախոսությունը, որը ենթադրում է նախկին ԽՍՀՄ տարածքում «եվրասիական պետության» ձևավորում, որում կարող են ընդգրկվել ոչ միայն նախկին խորհրդային պետությունները, այլև Թուրքիան:
Վ. Բոստանջյանի կարծիքով, այդ հարցը որոշ չափով արհեստածին է, որոշ չափով՝ ապակողմնորոշիչ, որոշ չափով էլ միգուցե իրականությանը մոտ սկզբունքներ կարող է պարտակել, բայց բացառապես ՀՀ շահերից ու դիտակետից նայելիս մենք առնչվում ենք ազգային անվտանգության խնդրի հետ:
«Հասկանալի է, որ անընդհատ փոփոխվող աշխարհում այս առումով բավականաչափ խոցելիություն գոյություն ունի, և այնպիսի երկրներ ինչպիսին է ՀՀ-ն, այդ առումով առաջին հերթին, անկախ ամեն ինչից, պետք է հետապնդի մեկ նպատակ՝ գոյություն ունեցող գերտերությունների պարագայում, որոնք տարածաշրջանում շահեր են փնտրում, կարողանա առաջին հերթին ապահովել ազգային անվտանգությունը: Այս վերջին դեպքերի պարագայում դժվար ընկալելի ու մշուշոտ է, թե այդ գերհզոր երկրները ինչ վարքագիծ են դրսևորում, որից ելնելով մենք էլ կարողանայինք պատկերացնել մեր ազգային անվտանգության որոշակի մակարդակ: ՀՀ-ն ուզում է, թե չի ուզում, չի կարող մեկուսացված լինել: Ինչքան էլ մենք ինքնուրույն քաղաքականություն վարենք, մենք պետք է անվտանգության ինչ-որ մի միության կազմում ընդգրկված լինենք: Բայց տվյալ պարագայում Դուգինի խոսակցությունը կարող է արհեստածին լինել: Գոնե գործնականորեն բացարձակապես անհասկանալի է՝ ոնց կարող ենք անվտանգության մի համակարգում հայտնվենք մենք, որտեղ կգտնվի նաև Թուրքիան: Ես չեմ կարողանում տեսնել դա»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսական առումով, ըստ նրա, մեր երկիրը ճոխ հնարավորություններ, ռազմավարական ռեսուրսներ չունի, և տնտեսական հարաբերություններ կարող է ունենալ ոչ զարգացած երկրների հետ, շփվել մեզ նման երկրների հետ. «Այդ առումով մենք հետաքրքիր չենք զարգացած աշխարհի համար: Իհարկե, մեր տնտեսական քաղաքականության առումով կիրառում ենք ամպագոռգոռ բառեր՝ ինովացիա, ՏՏ, բայց նման բառերով հնարավոր չի նվաճել շուկաներ, ձեռք բերել հարաբերություններ»:










































