Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 13-ին դատավճիռ է կայացրել երկրի նախկին վարչապետ Ահմադ Նազիֆի գործով, որը մեղադրվում էր «անօրինական կերպով հարստացման» մեջ,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Պաշտոնաթող քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Բացի այդ, դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 1.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք:
Մեղադրանքի հիմքում ընկած են եղել այն որոշումները, որոնք Նազիֆն ընդունել է նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք պաշտոնավարելիս: Դատարանում պարզվել է, որ ծառայողական դիրքի չարաշահման արդյունքում վարչապետն այդ ժամանակ մի քանի միլիոն դոլարով հարստացել է՝ անօրինական կերպով մասնավորեցնելով պետական սեփականությունը և ծախսելով պետական միջոցները:
Նազիֆը վարչապետի պաշտոնը լքել է 2011 թ. հունվարին՝ հեղափոխության ընթացքում:










































