Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ ամերիկացի փորձագետները կաջակցեն Վրաստանի օդային պաշտպանության բարձրացմանն ու զարգացմանը.
«Սեպտեմբերին սկսվում է Վրաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև կնքված համաձայնագրի իրագործումը: Դա 6 կետանոց պլան է, ըստ որի՝ ԱՄՆ-ը մեր երկրին օգնելու է զինված ուժերի կառուցման գործում: Մեզ մոտ կժամանի փորձագետների հատուկ խումբ, որն առաջին փուլում կուսումնասիրի մեր օդային պաշտպանության հնարավորությունները, որից հետո կսկսվի երկրորդ փուլի իրագործումը:
Մասնավորապես, ամերիկացի փորձագետները պետք է դոկտրին մշակեն, թե ինչ է պետք անել, որպեսզի ապահովվի Վրաստանի օդային անվտանգությունը՝ ելնելով գոյություն ունեցող սպառնալիքներից: Երրորդ փուլում էլ տեղի կունենա այդ դոկտրինի իրագործումը: ԱՄՆ-ը Վրաստանին կօգնի նաև օժանդակ ուղղաթիռների պարկի արդիականացման հարցում»:










































