Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվության մեջ «ամենացնցողն» այն էր, որ ՎՊ-ն ինտերնետային կայք ունի. տպավորություն ունեմ, որ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանը եկել էր ԱԺ՝ այդ «բարեբախտ» լուրը «ռասկրուտկա» անելու. ԱԺ այսօր տեղի ունեցած քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվետվությունը, մինչդեռ, պետք է հիմք ծառայի հասկանալու՝ ինչով է զբաղված Վերահսկիչ պալատը: Դրա ներկայացման արդյունքում ժողովուրդը պետք է տեղեկանար ոլորտում առկա պարսավելի երևույթների մասին, այնինչ Իշխան Զաքարյանը երեկ՝ ԱԺ-ում հաշվետվության ներկայացման ժամանակ, բոլորին խորհուրդ էր տալիս այցելել իրենց կայք: Ես այցելել եմ կառույցի պաշտոնական կայքէջ, ուր լուրերի բաժնում Զաքարյանի այցելությունների, հանդիպումների ու նրա մասնակցած միջոցառումների մասին տեղեկություններ էին: Շատախոս ու դատարկ փաստաթղթեր՝ որքան ուզես, մինչդեռ ԱԺ-ում 2011 թվականին ներկայացված հաշվետվության մասին ոչ մի խոսք: Հատկանշական է, սակայն, որ ժողովուրդը ՎՊ-ին վճարում է նրւա կողմից իրականացված էական աշխատանքների համար: Բացի այդ, Իշխան Զաքարյանն ինքը լրջագույն վերահսկողության կարիք ունի, քանի որ նա երեկ այդպես էլ չպատասխանեց իր՝ ներկայումս կառուցվող առանձնատան մասին հարցին»- ասաց Նիկոլ Փաշինյանը:








































