Թմրամոլությամբ հիվանդների թիվը 2006 թվականի համեմատ 2011-ին աճել է գրեթե երեք անգամ: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների՝ 2006 թվականին դիսպանսեր հսկողության տակ գտնվող թմրամոլների թվաքանակը 100.000 բնակչի հաշվով կազմել է 9.6 տոկոս` 2011-ի 32.8-ի փոխարեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի թմրաբուժության և հոգեբուժության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մանուկյանը:
Ըստ նրա` դա պայմանավորված է մի շարք գործոններով. «Պատճառներից մեկն այն է, որ առողջապահական համակարգում և օրենսդրական դաշտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում ավելացել է բժշկի դիմող հիվանդների թիվը»:
Թմրաբանի խոսքով՝ հիվանդների թվի նվազմանը նպաստելու համար Նարկոլոգիական կենտրոնի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր. «Ստուգում անցած բոլոր այն անձինք, որոնց մոտ հայտնաբերվում է թմրանյութի գործածում, նշվում է թմրամոլություն ախտորոշում: Նշանակություն չունի` դա առաջի՞ն անգամն է, թե՞ երկրորդ»:
«Դժվար է առանձնացնել որևէ տարիքային խումբ: Նման տարանջատում անելը դժվար է: Թմրամոլությամբ տառապում են տարբեր տարիքի մարդիկ: Բայց առավել շատ հիվանդներ հանդիպում են 20-ից 40 տարեկանում»,- եզրափակեց մասնագետը:








































