Մենք ուշացանք. Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի նման գործերի ուղղությամբ պետք էր ավելի շուտ քայլեր ձեռնարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը ՝ անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ հայկական կողմի քայլերին:
Փաստաբանը նշեց, որ առաջարկել էր համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ աշխատելու նպատակով: Սակայն, Նազելի Վարդանյանի փաստմամբ, որևէ նման առաջարկ` հանձնաժողով ստեղծելու, այս ուղղությամբ համատեղ աշխատելու, չի ստացել:
Նա նաև նշեց, որ արդարադատության նախարարությունը չպետք է սառեցներ հարաբերությունները Հունգարիայի արդարադատության նախարարության հետ, երբ դեռ շատ անելիքներ կան:
«Չգիտեմ՝ ինչպես է պետք անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել:Ես ինչ-որ կերպ, մասնավոր կապերի միջոցով կարող եմ ինչ-որ փաստաթղթեր հայթայթել և ինչ-որ բան իմանալ, բայց դա պաշտոնական չի ստացվի: Այսինքն՝ այս իրավիճակում չի կարելի բոլոր կամուրջներն այրել: Պետական մակարդակով նախագահն ինչ հայտարարել է, նորմալ է, սակայն դա չի նշանակում, որ ԳԱԱ-ն, ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է հարաբերությունները կասեցնեն:
Մենք շատ գործ ունենք անելու, ինչո՞ւ եք հարաբերություններըկասեցնում: Կամ էլ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն, նորմալ ժողովուրդ են, իրենք հիմա ավելի շատ գործ են անում, քան մենք` այսօր: Կոնկրետ ինձ զանգահարում են, ինչ-որ բաներ են առաջարկում, իսկ ես չգիտեմ ինչ պատասխանել, չգիտեմ էլ ում հեռախոսահամարը տալ, որ նրան դիմեն»,- մեկնաբանեց Նազելի Վարդանյանը:
Նա նշեց, որ Հունգարիայի ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարին, պահանջել էքստրադիցիային առնչվող բոլոր փաստաթղթերը, Սահմանադրական հանձնաժողովի նախագահը նույնպես ինչ-որ քայլեր է ձեռնարկել, այսինքն՝ իրենք կոնկրետ գործողություններ են անում, որ տեսնեն` իրականում ինչ է կատարվում: Իսկ հայկական կողմը, փաստաբանի խոսքով, նույնիսկ դա չգիտի:
Նրա կարծիքով՝ պետք է արդեն իսկ բոլոր փաստաթղթերն ունենայինք: «Արդեն շատ ենք ուշացել: Մենք լրիվ ուշացանք, ԱԺ-ն լրիվ ձախողեց այս ամենը, որովհետև ԱԺ որոշումն ընդհանրապես ոչ մի բանի նման չէր: Ի՞նչ են հորդորում, ո՞ւմ են հորդորում, մենք ի՞նչ ենք անում, որ ուրիշին էլ հորդորում ենք: Նման գործերին շատ արագ արձագանք պետք է տրվի, որովհետև այս ամենը սառում է, մոռացվում, ու ոչ մի արձագանք չի լինի մյուս մարմինների կողմից:
Երկաթը պետք է տաք-տաք ծեծել: Մենք պետք է իմանանք` ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպես: Իսկ այսօր ոչ ոք չգիտի` ինչ է ուզում: Ամեն օր մեկը զանգում է, ինձնից ինչ-որ թուղթ է ուզում, իսկ հետո՝ կորում»,- ցավով դժգոհեց Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ այս գործը շատ նուրբ է, պետք է դիվանագետ լինել` սխալ թույլ չտալու համար:
Փաստաբանի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզիյուրաքանչյուր խոսք չօգտագործվի հայի դեմ, ինչն այսօր արվում է: Նազելի Վարդանյանը նաև ասաց, որ չկա մի մարմին, աշխատանքային խումբ, պաշտոնյա, որ այս գործով զբաղվի, ինչը ցույց է տալիս վերաբերմունքն այս գործի նկատմամբ:
«Նախկինում այս գործին հետամուտ էր ՊՆ-ն, իսկ հիմա չգիտենք, թե ով է այս գործով զբաղվում: Ես փորձում եմ արտասահմանյան իրավաբանների հետ քննարկել ստեղծված իրավիճակի լուծման ուղիները, բայց հետո իրենք հարց են ուղղում, թե իշխանություններն են ուզում նման քայլեր իրականացնել, ու ես չգիտեմ՝ ինչ պատասխանել»,- եզրափակեց իր խոսքը Նազելի Վարդանյանը:











































