Հունաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է անցկացնել հարկային համաներում. հարկեր չվճարած անձինք կկարողանան օրինականացնել եկամուտները՝ դրա դիմաց վճարելով դրանց արժեքի շուրջ 5%-ը, գրում է հունական «Տո Վիմա» ազդեցիկ թերթը:
Հրատարակության տվյալներով՝ դա վերաբերում է արտասահման դուրս բերված ինչպես խոշոր կապիտալին, այնպես էլ «սև» եկամուտների հաշվին ձեռք բերված գույքին:
Անշարժ գույքի, ավտոմեքենաների, զբոսանավերի, թանկարժեք զարդերի, արվեստի գործերի, հունական ու արտասահմանյան բանկերում հաշիվների սեփականատերերը, որոնք հարկային պարտավորագրեր չեն լրացրել անցած տարում, դա կարող են անել հիմա և կազատվեն հավելյալ հարկերից ու տուգանքներից, քրեական ու ադմինիստրատիվ պատիժներից:
Նրանց համար սա պատասխանատվությունից խուսափելու վերջին հնարավորությունն է, նկատում են ԶԼՄ-ները: