Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների քանակը գերազանցել է 80,000-ի սահմանագիծը՝ կազմելով 80,104 մարդ: Սիրիացի փախստականներին ժամանակավորապես տեղավորել են Գազիանթեփի, Օսմանիեի, Ադանայի, Քահրամանմարաշի, Ադըյամանի, Մալաթիայի ու Քիլիսի ճամբարներում, հանրակացարաններում, դպրոցների շենքերում:
Նրանց համար կառուցվում են վրանային նոր քաղաքներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում այսօրվա դրությամբ առկա է 1.2 միլիոն ներքին տեղահանված, որոնց կեսը երեխաներ են: Մոտ 250,000 սիրիացիներ ապաստան են գտել հարևան երկրներում: Ներկայումս հումանիտար օգնության կարիք են զգում 2.5 միլիոն սիրիացիներ:









































