Արաբական Միացյալ էմիրությունները հարված կհասցնեն Իրանի ռազմական օբյեկտներն այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի զարգացնել իր ահաբեկչական ցանցը ԱՄԷ-ի տարածքի հարևանությամբ: Այսպիսի նախազգուշական հայտարարությամբ սեպտեմբերի 10-ին հանդես է եկել Դուբայի ոստիկանության պետ գեներալ Դահի Խալիֆան Թամիմը:
Ինչպես գրում է իսրայելական Haaretz թերթը, գեներալը հայտարարել է, որ ԱՄԷ-ն «հուսալի տվյալներ ունի» առ այն, որ իրանական հատուկ ծառայութուններն ակտիվացել են Էմիրություններում լրտեսական-դիվերսիոն գործակալներ տարածելու հարցում:
«Պարսից ծոցի արաբական երկրները ձեռքները ծալած չեն նստի իրանական սպառնալիքի առաջ»,- մեջբերում է թերթը Թամիմի խոսքերը:
Այս հայտարարություններն արվել են ԱՄԷ-ի և Իրանի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված Պարսից ծոցում անմարդաբնակ կղզիների պատկանելության շուրջ վեճի հետ:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները Թեհրանին մեղադրել էին իրենց ներքին գործերին միջամտելու մեջ, սակայն երբեք Իրանին ուղղակիորեն չէին մատնանշել՝ նախընտրելով օգտագործել «որոշ հարևան երկրներ» ձևակերպումը:
Իրանին մասնավորապես մեղադրում էին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում մուսուլման շիաների հակակառավարական հուզումներին աջակցելու մեջ: Իրանն ամեն անգամ հերքում էր իր հասցեին այդ մեղադրանքները:










































