«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Այման Ալ-Զավահիրին հաստատել է կազմակերպության «երկրորդ մարդու»՝ Աբու Յահյա Ալ-Լիբիի մահը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ալ-Զավահիրիի տեսաուղերձը:
«Հպարտությամբ հայտնում եմ ամբողջ մուսուլմանական հանրությանը և մոջահեդներին լիբիացի առյուծի՝ շեյխ Հասան Մուհամմադ Կաիդի (Ալ-Լիբիի անուններից մեկը.- 1in.am) մարտիրոսական մահվան լուրը»,- հայտարարել է Ալ-Զավահիրին:
Ալ-Լիբիի մահվան մասին առաջին հաղորդագրությունները տարածվեցին 2012 թ. հունիսին: Հունիսի 5-ին «Ալ-Քաիդա»-ի երկրորդ մարդու ոչնչացման մասին տեղեկությունը հաստատեց Վաշինգտոնը: Ահաբեկիչը սպանվել էր ամերիկյան անօդաչու սարքի կողմից Պակիստանի հյուսիսում: Դրանից հետո «Ալ-Քաիդա»-ն տարածեց Ալ-Լիբիի տեսաուղերձը՝ նրա մահվան լուրերը ցրելու համար, սակայն տեսագրության մեջ չէր երևում ձայնագրման ամսաթիվը:
ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ Ալ-Լիբին համակագրում էր «Ալ-Քաիդա»-ի գործունեությունը Պակիստանում, ինչպես նաև կապ էր պահպանում աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպության բջիջների միջև: ԱՄՆ իշխանությունները Ալ-Լիբիի ոչնչացումը համարում են Բեն Լադենի ոչնչացումից հետո խոշորագույն ձեռքբերում:








































