Երուսաղեմի պատրիարքության միաբան Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը մեզ հետ զրույցում խուսափեց անդրադառնալ սիրիահայերի խնդրին, միայն նշեց, որ Երուսաղեմի պատրիարքարանը որևէ կերպ չի քննարկել սիրիահայերին աջակցություն ցույց տալու հարցը, թեև օրերս տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի արտակարգ նիստ, որտեղ առաջնային հարցերից մեկը եղել է Սիրիայի փախստականներին և ժամանակավոր բնակեցվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը:
– Սրբազան հայր, Թորգոմ պատրիարքի առողջական վիճակն այս պահին ինչպե՞ս է:
– Դժբախտաբար, փոփոխություն չկա, երկու շաբաթ առաջ վիճակը վատթարացավ, տեղափոխեցինք հիվանդանոց, ուրբաթ-շաբաթ մնաց այնտեղ, բուժումների արդյունքում կայունացավ վիճակը և հետ վերադարձվեց հիվանդների բաժանմունք: Այս պահին առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը:
– Իսկ արդյոք այդ վիճակը Երուսաղեմի պատրիարքարանի աշխատանքների վրա չի ազդո՞ւմ:
– Ոչ մի կերպ չի անդրադառնում, որովհետև ամեն մարդ այստեղ գիտակից է իր գործին և պարտականությունների կատարմանը և հետևաբար` որևէ թերացում աշխատանքում չի լինում: Բացի այդ, հունվարի 30-ին պատրիարքական փոխանորդ է նշանակվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որը կատարում է աշխատանքները:
– Սրբազան, օրերս Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթն անդրադարձել էր Անթիլիասի գահակալի կողմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին «Ամենայն հայոց» կաթողիկոսի տիտղոսով կոչելու խնդրին: Ի՞նչ կարծիք ունեք Դուք սրա վերաբերյալ:
– Այդ հարցն Անթիլիասի և Էջմիածնի միջև նոր հարց չէ, այն վաղուց է ծագել: «Ամենայն հայոց» տիտղոսի գործածությունը Կիլիկիո կաթողիկոսի պարագայությամբ կսահմանափակի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գործունեությունը, հետևաբար այս տիտղոսի սահմանափակումը պարզ է դարձնում գործողությունը և ոչ թե Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսին տիրանալու ձգտումը, չկա նման բան: Իհարկե, տիտղոսն առանց Կիլիկիո կաթողիկոսության կիրառելը սխալ կլիներ:
– Ստացվում է՝ կողմնակի՞ց եք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին այսուհետ «Ամենայն հայոց» տիտղոսով կոչելուն:
– Կառուցված է Կիլիկիա կաթողիկոսություն, սա փաստ է, և եթե Մեծի Տանն Կիլիկիո բառերը դուրս կընկնեն, այդ ժամանակ իսկական բախում կարող է լինել Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև:
– Մի՞թե միտում չեք տեսնելու «Ամենայն հայոց» տիտղոսը նվաստացնելու, Էջմիածնի դերը նվազեցնելու:
– Չէ՛, նման միտում բացարձակ չեմ տեսնում: Հայ կաթողիկեները և հայ բողոքականները կարող են բողոքել այդ տիտղոսի գործածության պարագայում:
– Դուք սրանք պրովոկացիոն զրույցնե՞ր եք համարում:
– Սին զրույցներ են: Պետք չէ փոթորիկ հարուցել հանրության մեջ:







































