Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն Իրանից պահանջել է ապահովել կազմակերպության փորձագետների անարգել մուտքը Փարչինի ատոմային օբյեկտ:
Ամանոն հավելել է, որ Թեհրանից 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած Փարչինի բազայում գրանցված ակտիվությունը բացասականորեն է ազդել ԱԷՄԳ-ի հետաքննության վրա: Օգոստոսի վերջին ԱԷՄԳ-ը տեղեկատվություն էր հրապարակել, որ Փարչինի ռազմաբազայում դիտարկվել է ակտիվ գործունեություն, այդ թվում՝ նաև հողափորման աշխատանքներ:
Դրա հետ կապված՝ ԱԷՄԳ-ը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի վիճակի հետագա գնահատականի համար անհրաժեշտ է, որ իր փորձագետներն անհապաղ ներթափանցեն այդ օբյեկտ: ԱԷՄԳ-ի այդ զեկույցի հեղինակների կարծիքով՝ իրանցի մասնագետները Փարչինում շենք են փլուզել և հող են դուրս բերել՝ միջուկային փորձարկումների անցկացման փաստը թաքցնելու համար:











































