«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները հայտարարել են, որ կսպանեն Աֆղանստաում որպես օդաչու ծառայություն անցնող Բրիտանիայի արքայազն Հարիին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Մենք հնարավոր ամեն բան անում ենք՝ արքայազն Հարիին և Հելմանդ բազայում մյուս բրիտանացի զինծառայողներին սպանելու համար: Մենք ձգտում ենք առևանգել նրան: Նա մեր նպատակն է, և մենք կսպանենք նրան»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը գործակալության հետ հեռախոսային հարցազրույցում:
Արքայազնը Աֆղանստան է ժամանել անցյալ հինգշաբթի և գտնվում է բրիտանական գլխավոր «Քեմփ Բաստիոն» ռազմաբազայում՝ Հելմանդում: 27-ամյա Հարին կմասնակցի թալիբներ դեմ ակտիվ ռազմական գործողություններին:
Հարին արդեն 2008 թ. Աֆղանստանում ծառայել է հետևակի կազմում, սակայն նրա ներկայությունը թեժ գծում ավարտվեց սկանդալով, քանի որ նրա գործուղման մասին հայտնի դարձավ մամուլին: Հարին անմիջապես վերադարձավ հայրենիք, որպեսզի ավելորդ վտանգի տակ չդնի ո՛չ իրեն, ո՛չ էլ իր ստորաբաժանումը:
Դրանից հետո արքայազնը բազմիցս փորձել է նորից մեկնել Աֆղանստան, սակայն դա հնարավոր է դարձել միայն ռազմական ուղղաթիռի օդաչու դառնալուց հետո:
Այս անգամ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը բացահայտ հայտարարել է նրա քառամսյա գործուղման մասին:











































