Թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտարարել է, որ 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի տրանսֆերը:
«Ես ծանոթ եմ Կակայի հնարավորություններին: Նա հեշտությամբ կհարմարվի «Գալաթասարայ»-ի խաղաոճին, և ես այդ մասին արդեն խոսել եմ ակումբի նախագահ Ունալ Այսալի հետ: Այս դեպքում մեր կարծիքները համընկնում են, և մենք ամեն ինչ կանենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան մեր թիմ հրավիրելու համար:
Կական բարձր աշխատավարձ է ստանում, սակայն եթե մենք նույնպես խոշոր գումար առաջարկենք, վերջնական որոշումը պետք է կայացնի ֆուտբոլիստը»,- հայտարարել է Թերիմը:
Հիշեցնենք, որ ակումբի նախագահը բազմիցս հայտարարել է, որ իրենց ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս հրավիրել բրազիլացուն:









































