Հանքարդյունաբերության մեջ օգտագործվող 102 մլն դրամանոց սարքավորումը, որը կռվախնձոր է դարձել Սյունիքի մարզպետի և գործարար Սիլվա Համբարձումյանի միջև, շարունակում է կրքեր բորբոքել Սյունյաց աշխարհում: «Հրապարակ»-ը գրում է, որ խոսքը հանքարդյունաբերության մեջ օգտագործվող տեխնիկայի մասին է, որը Սյունիքի մարզպետը, ըստ Սիլվա Համբարձումյանի, հափշտակել է իրեն պատկանող ոսկու հանքից: Երեկ հայտնի դարձավ, որ այդ սարքը Լիսկան վաճառել է պղնձամոլիբդենայինի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն` Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին, որն իր հարստությամբ և հավակնություններով Հայաստանի մեծահարուստների ամենաառաջին էշելոնին է մոտեցել:
Փաստորեն, մինչ Սիլվա Համբարձումյանը փորձում էր դատարանների միջոցով Լիսկային ստիպել վճարել իրեն հասանելիք գումարը, ինչի մասին բազմիցս հայտարարել էր, վերջինս ձիով քայլ արեց` դուրս գալով Սիլվայի և սարքի արանքից: 2 օր առաջ «Հրապարակ»-ը զանգեց Սուրեն Խաչատրյանին` ճշտելու տեղեկությունը գործարքի մասին, սակայն նա կտրականապես ժխտեց Սյունյաց աղբյուրից ստացած թերթի տեղեկությունը` ասելով, որ նման գործարք չկա: Բայց հաջորդ օրը, հավանաբար տեսնելով առաջացած ռեզոնանսը, ստիպված եղավ ընդունել, որ վաճառք, այնուամենայնիվ, կատարվել է, միայն թե գնորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, ոչ թե Մաքսիմ Հակոբյանը կամ նրա որդին: «Haynews.am»-ին տված հարցազրույցում նա նաև շեշտել է, որ Սիլվա Համբարձումյանն այդ տեխնիկայի հետ կապ չունի: «Չգիտես, թե իրան ինչի ա կոտորում արդեն քանի տարի»:
Պատմության մյուս հերոսները` Աժ պատգամավոր Վահե Հակոբյանը և Սիլվա Համբարձումյանը, քար լռություն են պահպանում: Ինչևէ, երեկ «Հրապարակ»-ը առասպելական սարքի շուրջ նոր մանրամասներ իմացավ: Բանն այն է, որ մոտ մեկ ամիս առաջ երկու գործարարներին հաշտեցնելու փորձ է արել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ջանքեր է գործադրել, որպեսզի մի սեղանի շուրջ նստեցնի Լիսկային և Սիլվային: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիլվա Համբարձումյանը դիմել է իր ընկերներին` Մոսկվայի բիզնես-շրջանակներում, խնդրանքով, որ վերջիններս աջակցեն իրեն` հետ ստանալու սարքի գինը: Բանը հասել է այնտեղ, որ վերջերս Դուբայից Հայաստան է ժամանել մի շեյխ` Սյունիքի մարզպետի և Սիլվայի միջև ծագած խնդիրները «հարթելու» համար: Ինչպես հայտնի է, Սիլվա Համբարձումյանը լայն կապեր ունի Դուբայում և նույնիսկ որոշ ապրանքներ է ներմուծում այնտեղ: Հասկանալի չէ, թե միջամտություններից որն է ավելի ազդեցիկ եղել` Հովիկ Աբրահամյանի՞նը, մոսկվացի մեծահարուստների՞նը, թե՞ Դուբայի շեյխինը, բայց դրանց արդյունքում Սուրեն Խաչատրյանը խոստացել է, որ երկու-երեք ամսում Սիլվա Համբարձումյանին կտա խնդրո առարկա սարքավորման դիմաց պահանջվող գումարը, սակայն կարճ ժամանակ անց դրժել է իր խոսքը` այլ, շատ ավելի շահավետ ելք գտնելով իրավիճակից, սարքը վաճառելով պղնձամոլիբդենայինին: Արդյունքում նա, ինչպես միշտ, ջրից չոր դուրս եկավ, իսկ Սիլվա Համբարձումյանը ոչ միայն հետ չստացավ իր տեխնիկան, որի համար 2009 թվականից բողոքներ է ուղղում տարբեր ատյանների, այլև դրսերից մարդիկ բերելու հետևանքով փչացրեց բոլորի հետ հարաբերությունները:








































