Գերմանական Lufthansa ավիաընկերությունը խոստացել է իր ժամանակավոր աշխատակիցների հետ կնքել մշտական աշխատանքային պայմանագիր` այդպիսով համաձայնելով կատարել թռիչքի գործադուլավոր ուղեկցողների պահանջները: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով ընկերության ղեկավարությանը:
Որոշումն ընդունվել է Lufthansa-ի վարչական աշխատակազմի և UFO արհմիության միջև բանակցությունների արդյունքում: Ցուցարարների ղեկավարները տեղի ունեցածը չեն մեկնաբանել:
Ինչպես հայտնում են` ավիաընկերությունը համաձայնել է ավելացված աշխատաժամանակի համար 3,6 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Արհմիությունը փորձում էր հասնել աշխատավարձերի 5 տոկոսով բարձրացման:
Ուրբաթ օրվա գործադուլն օգոստոսի վերջից ի վեր երրորդն էր և ամենամեծը Lufthansa-ում: Ուղեկցողների ակցիաների հետևանքով սեպտեմբերի 7-ին ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել, ավելի քան 100 000 մարդ չի կարողացել ժամանակին մեկնել: Գործադուլի միայն մեկ օրում ընկերությունը 10 մլն եվրոյի վնաս է կրել:











































