ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը`Անրի Ֆերալի գլխավորությամբ: Առաքելության անդամները ժամանել են` հետևելու համար սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին:
Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման և դիտորդական առաքելության իրականացման համար: Ա. Գևորգյանը հյուրերին տեղեկություններ է ներկայացրել ընտրական գործընթացի, նոր Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մասին: Նա մասնավորապես նշեց, որ ՏԻՄ ընտրություններն արդեն կազմակերպվում են համախմբված և կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ` նկատելով, որ դա նաև եվրոպացի փորձագետների առաջարկն էր: Խոշոր համայնքներում ավելացվել է ավագանու անդամների թիվը, մեծացվել է կուսակցությունների դերը. ինքնաառաջադրումից բացի կուսակցություններին ևս թեկնածու առաջադրելու հնարավորություն է ընձեռվել: Դա առաջացրել է կուսակցությունների հետաքրքությունը ընտրությունների նկատմամբ, և առաջին անգամ քաղաքական ուժերի կողմից ավագանու անդամների թեկնածուների բավականին ակտիվ առաջադրումներ են եղել: Այս ընտրություններին, նախորդի համեմատ, գրեթե երկու անգամ ավելացել է նաև առաջադրված կին թեկնածուների թիվը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը հաջող է համարել ընտրությունների նախապատրաստական փուլը: «Փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որ առաջիկա ընտրություններն ամբողջությամբ համապատասխանեն մեր ազգային օրենսդրությանն ու միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին»,-նշել է նա: Այս ընտրությունների նկատմամբ, ի տարբերություն նախորդների, հասարակական մեծ հետաքրքրություն և վերահսկողություն կա, գործընթացը ակտիվորեն լուսաբանվում է, շատ թեկնածուներ բավականին ակտիվ քարոզարշավ են իրականացնում:
Պատվիրակության ղեկավար Անրի Ֆերալին նախ բարձր գնահատեց Եվրախորհրդի և Հայաստանի միջև գործակցության մակարդակը. նա հատկապես նշեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ հայկական կողմի արդյունավետ աշխատանքը: «Մենք գիտենք, թե որքան մեծ տեղ եք հատկացնում ապակենտրոնացման ու տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերին: Նաև դրանց է ուղղված Ընտրական նոր օրենսգիրքը»,-ավելացրել է Ա. Ֆերալին:
Ա. Գևորգյանը պատասխանել է նաև պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:












































