Ռուսաստանն անվանել ԱՄՆ-ի գլխավոր թշնամի կարող է միայն նա, ով շարունակում է մտածել «սառը պատերազմի» կատեգորիաներով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում Դեմոկրատական կուսացկության համագումարին: Այդ ֆորումում ԱՄՆ առաջնորդը պաշտոնապես համաձայնություն է տվել առաջադրվել որպես դեմոկրատների թեկնածու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
Նշելով, որ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտում «ծառայողական ցուցակ» չունի, Օբաման ուշադրություն է հրավիրել իր մրցակցի վերջերս արած այն հայտարարության վրա, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է»: «Դուք մեր գլխավոր թշնամի կանվանեք Ռուսաստանը, ոչ թե «Ալ-Քաիդա»-ն, եթե, իհարկե, ձեր դատողությունը մնացել է «սառը պատերազմի» ժամանակներում»,- հայտարարել է Սպիտակ տան առաջնորդը:
Նա նաև հաստատել է, որ ճիշտ է համարում իր արտաքին քաղաքական կուրսը՝ հիմված «հին դաշինքների ամրապնդման և նոր կոալիցիաների ստեղծման վրա»: Նրա խոսքերով՝ դա մասնավորապես հաջողություն է բերել աշխարհում միջուկային զենքի տարածման դեմ պայքարում: Օբաման հիշեցրել է, որ աշխարհում պահպանվում են «նոր սպառնալիքներ և նոր խնդիրներ»: «Ահաբեկչական դավադրությունները պետք է կանխվեն: Եվրոպայի ճգնաժամը պետք է զսպել: Մենք պետք է հավատարիմ մնանք Իսրայելի ազգային անվտանգությանը և խաղաղության մեր ձգտմանը: Իրանի կառավարությունը պետք է տեսնի այլ երկրների միասնությունը՝ իր միջուկային ամբիցիաներն դիմակայելու ուղղությամբ»,- ասել է Օբաման:
Խոսելով արաբական աշխարհի իրադարձութունների մասին՝ նա ընդգծել է, որ իրավիճակն այդ տարածաշրջանում պետք է որոշվի «ոչ թե բռնապետի երկաթե բռունցքով կամ ծայրահեղականների ատելությամբ, այլ սովորական մարդկանց ձգտումներով և հույսերով», որոնք փորձում են ձեռք բերել իրավունքներ և ազատություններ:
Ինչ վերաբերում է Միթ Ռոմնիին և նրա փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանին, ապա նրանք, Օբամայի խոսքերով «նորեկներ են արտաքին քաղաքականության մեջ»: «Սակայն դատելով այն բանից, ինչ մենք տեսանք և լսեցինք, նրանք ցանկանում են մեզ վերադարձնել բարձր սպառնալիքների և կոպիտ սխալների ժամանակաշրջան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ուստի նա դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով ընտրություններում աջակցել երկրի այն ղեկավարներին, որոնց գործունեությունը ստուգված է ժամանակով:













































