Վերջին անգամ կաթնամթերքի մեջ արգելված հավելանյութերի առկայություն բացահայտվել էր անցած տարի դեկտեմբերին, դրանից առաջ՝ 2010-ի ամռանը, և այլն: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, խախտումներն այնքան համընդհանուր բնույթ են կրում, որ «կրկնվել» ասվածը տարօրինակ է թվում:
Ներկայում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խանութներից վերցված նմուշներում 11 արտադրողների կաթի մեջ սոդա է հայտնաբերել, և տեսչական ստուգումներ են սկսվել «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ըներկություններում՝ պարզելու համար թե սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցել:
Տեսչական գործառույթից հետո միայն արդյունքները կհրապարակվեն, քանի որ ըստ Պիպոյանի, որպես կոպիտ օրինակ, կարող է խանութում ռիսկային ապրանք հայտանբերվել, մինչդեռ արտադրությունում ստուգումները ցույց տան, որ այդտեղ կեղծիք չկա ու պարզվի, որ կեղծում է մի փոքր ընկերություն և մտցնում իրացման ցանց՝ խոշոր ընկերության անվան տակ: «Թող կարծիք չստեղծվի, թե պաշտպանում եմ տնտեսվարողներին, հակառակը ՝ վերջին տարում մենք ոչ մի տնտեսվարողի գովասանական խոսք չենք ասել: Կա անհրաժեշտություն կաթնամթերքի շուկայում տեսչական գործառույթի իրականացման: Ես 10-15 օր հետո միայն իրավասու կլինեմ որևէ անուն հնչեցնելու՝ որպես կեղծարարի»,- ասաց Բ.Պիպոյանը:
Կաթնամթերքի շուկայում, ըստ սեզոնի, տարբեր խնդիրներ են ակտուալ լինում, օրինակ՝ սոդան օգտագործում են ամռանը, որ կաթը չկտրվի, դեկտեմբերին՝ կաթի փոշին է ավելանում: Այս 11 ընկերություներում ստուգումը իրականացվելու է անվտանգության բոլոր բաղադրիչներով՝ սանիտարական նորմերից մինչև գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Այսինքն՝ փակվում է ամբողջ սպեկտորը: Բոլոր ընկերություններից նմուշներն արդեն վերցված են և դրանք ենթարկվում են լաբորատոր փորձաքննության:
Թե սոդան կաթի մեջ ինչքանո՞վ է վտանգավոր, հատկապես երեխաների համար, Պիպոյանը պատասխանեց. «Եթե տանը կաթին խառնեք սոդա ու խմեք, դա վտանգավոր չէ, իսկ պաստերիզացիայի դեպքում վտանգավոր է: Սնդամթերքի անվտանգության ծառայության համար ամենամեծ գործիքներից մեկն է ընկերության վարկանիշի հետ խաղալ: Այսինքն՝ դա յուրաքանչյուր վարչական պատասխանատվությունից ավելի խիստ զենք է: Եվ վտանագվորության աստիճանը պետք է անալիզից հետո տալ: Անգամ սոդայի վտանգավորության մասին չի կարելի սխալ ահաբեկում անել: Կարող է պատահել, հանկարծ ունենք ցանց, որ բոլորը սոդա կիրառեն: Այդ դեպքում ստիպված կլինենք օրենսդրական դաշտը մոտարկելու, որ չենք արգելում սոդան, բայց գոնե մակնիշված լինի: Ենթադրենք՝ կաթը կտրվում է, ու տնտեսական իմաստով ձեռնտու չէ, 2 ընկերություն չեն հրաժարվում սոդայից, մնացածն էլ հրաժարվում են, բայց 300 դրամով ունենում ենք սոդայով կաթ:
Եթե սոդայի ավելացումից հետո կաթնամթերքն անցնում է ջերմային մշակում, դա վտանգավոր է, և այս պահին գնահատական տալ, թե դա որ փուլում է ավելացվել, ծիծաղելի է: Ցավալի իրականության հետ գործ ունենք, որ նորաստեղծ հիվանդությունների 50-75% սննդամթերքից է, և եթե այսօր սննդամթերքի վտանգավորությունը չի պարզվել, դա կարող է պարզվել 3 տարի անց: Այժմ գնահատական տալը երկակի է»:
Ինչևէ, եթե պարզվի, որ սոդան կաթի մեջ վտանգավոր է եղել, տվյալ ամբողջ խմբաքանակը նույն վայրկյանին կոչնչացվի և, ըստ Պիպոյանի, արտադրողը կտուգանվի. «Բայց պատկերացրեք, թե ինչ խմբաքանակ է իրացման ցանցից դուրս բերվելու և ինչ խմբաքանակ է ոչնչացվելու»:










































