Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա 8 ամիսներին Հայաստանում գնանկում ու աշխատավարձերի բարձրացում է արձանագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Այս տարվա 8 ամիսներին դիտարկված 13 ապրանքատեսակներից 9-ի դեպքում արձանագրվել է գնանկում՝ 0.1-9.2 տոկոս: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբերում: Մասնավորապես, այս տարվա 8 ամիսներին մրգի գները նվազել են 3.6 տոկոսով, բանջարեղենի և կարտոֆիլի գները՝ 9.2 տոկոսով:
Ընդհանրապես այս տարվա 8 ամիսներից 6-ում ԱՎԾ-ն գնանկում է արձանագրել: Իսկ վերջին 5 ամիսներին արձանագրվել է 4.7 տոկոս գնանկում:
Սակայն հացամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի և ոչ ոգելիչ խմիչքների շուկաներում այս տարի գնաճ է արձանագրվել: Էական է հատկապես հացամթերքի գնաճը:
Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով՝ բարձր տեսակի ալյուրի գները այս տարվա 8 ամիսներից 7-ի ընթացքում աճել են 0.2-3.6 տոկոսով: Այս տարվա տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ, բարձր տեսակի այլուրի գնաճը կազմել է 15.3 տոկոս, իսկ առաջին տեսակի ալյուրինը՝ 7.8 տոկոս: Հացի գինն այս տարվա 8 ամիսներին աճել է 5.7 տոկոսով:
Միջին անվանական աշխատավարձը, ըստ բանախոսի, այս տարվա հուլիսին կազմել է 124 071 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 1.8 տոկոսով: Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղի չափին, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 50 071 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 804 դրամի փոխարեն:










































