«Հայ երիտասարդական դաշինքի» և «Միավորված երիտասարդ հայերի» շուրջ 400 ներկայացուցիչ հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հոլիվուդում Հունգարիայի հյուպատոսության դիմաց` իրենց բողոքն արտահայտելով առ այն, որ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը:
Բողոքի ակցիա է անցկացվել նաև Հոլիվուդում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Ակցիայի մասնակիցները կշտաբանք են հայտնել Սաֆարովին ազատ արձակելու և ներում շնորհելու համար: Լոսանջելեսահայերը սպանված սպայի համար արդարություն են պահանջել:
Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը տեղի էր ունեցել 2004 թվականին`Բուդապեշտի ռազմական ակադեմիայում, որտեղ նա Սաֆարովի հետ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեի դասընթացների էր մասնակցում: Սաֆարովին հունգարական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման` առնվազն 25 տարի առանց ներման իրավունքի:
Նրան անցած ամսվա վերջին էքստրադիցիայի ենթարկեցին հայրենիք, որտեղ նա պետք է շարունակեր կրել պատիժը, սակայն հենց հաջորդ օրը իշխանությունները նրան ազատ արձակեցին և ներում շնորհեցին:
Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Վիլյամ Բայրամյանը հայտնել է, որ մարդասպանին հերոսացնող Ադրբեջանը ցույց է տվել իրական դեմքը:
«Հունգարիան պետք է ներողություն խնդրի նրան արտահանձնելու որոշման համար և պետք է Ադրբեջանից պահանջի, որ հանցագործին բանտ ուղարկեն»,- ասել նա:
«Դա հիմար որոշում էր: Սա նշանակում է, որ հնարավոր չէ սեղանի շուրջ նստել և բանակցել մի երկրի նախագահի հետ, որը պարգևատրում և մեծարում է ահաբեկիչներին»,- ասել է Գլենդելի փաստաբան Անժելա Բարսեղյանը:
Ցույցին մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը և Գլենդելի համայնքային դպրոցի պատմության պրոֆեսոր Լևոն Մարաշլյանը:
Այն հարցին, թե հազարավոր կիլոմետրեր հեռու որքանո՞վ արդյունավետ կլինեն ցույցերը, Բայրամյանը պատասխանել է. «Մենք այստեղ ենք որպես ԱՄՆ քաղաքացիներ, որոնք բողոքում են օտարերկրյա կառավարության դեմ, որոնց ներկայացուցիչներն այստեղ են»: