ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել ցանցահենների հաղորդագրության հետաքննությանը: Ցանցահենները հայտարարել են, թե գողացել են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հարկային հայտարարագրերը ու դրա դիմաց պահանջել միլիոն դոլար:
Այս մասին գաղտնի ծառայության մամլո քարտուղար Ջորջ Օգլիվին հայտնել է CNET հրատարակչությանը` հրաժարվելով հետագա մեկնաբանություններից:
Ցանցահենների հայտարարությունն առ այն, որ օգոստոսի 25-ին գողացել են Ռոմնիի PricewaterhouseCoopers ընկերության 1040 ֆայլերը, մամուլում հայտնվեցին սեպտեմբերի 2- ին:
Ֆայլերի պատճեններն ուղարկվել էին PWC-ի գրասենյակ, դեմոկրատների ու հանրապետականների կենտրոնակայաններ:
Ցանցահենները խոստացել են, որ սեպտեմբերի 28-ին կհրապարակեն գողացված տվյալները: Նրանք խոստացել են վերացնել ֆայլերի գաղտնազերծման բանալին ու «դրանցում պարունակվող տեղեկությունները գաղտնի պահել», եթե իրենց վճարեն 1 մլն դոլար:
Միաժամանակ, նրանք շահագրգիռ կողմերին առաջարկել են առաջ անցնել PWC-ից ու առաջինը վճարել 1 մլն դոլարը:
Ռոմնիի նախագահական քարոզարշավի ճամբարից դեռ չեն մեկնաբանել ցանցահենների հետ կապված իրավիճակը:









































