1831թ. այս օրը Կ.Պոլսում ծնվեց բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ):
Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։ Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։
Փարիզում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856-ին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։ Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859թթ.:
Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859-ին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։ Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։
Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։ 1864-ին մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին:
Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարտելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։
Մահացել է 1892թ. նոյեմբերի 4-ին:











































