Աբովյանում քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարում, ինչպես հայտնի է, նախապես առաջադրված 4 թեկնածուներից մնացել են 2-ը՝ Աբովյանի գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը և «Աբովյան» հեռուստախմբագրություն ՍՊԸ-ի հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը: Այս երկու թեկնածուներից ամենահարուստը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ին տրամադրված հայտարարագրերի, Ծառուկյանի փեսան է:
Աբովյանի գործող քաղաքապետն Առինջ գյուղում ունի 1120 քմ մակերեսով բնակելի տուն և 0.8 հա հողամաս: Զարմանալի է, բայց նա չունի ավտոմեքենա, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք: Ամեն դեպքում հայտարարագրի այդ սյունակները դատարկ են: Գուլոյանին են պատկանում «Էլեկտրոմոնտաժ» ԲԲԸ-ի 41.9% և «Գուլոյան եղբայրներ» ՍՊԸ-ի 4.0% բաժնետոմսերը: Չնայած դրան, նրա եկամտի աղբյուրն անցած 1 տարվա ընթացքում միայն մեկն է եղել՝ քաղաքապետարանից ստացված աշխատավարձը՝ 2 մլն 737 հզ. դրամ (ամսական մոտ 228 հզ. դրամ): Միաժամանակ տպավորիչ են Գուլոյանի բանկային հաշվեհամարները. 2012 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նա բանկում ունեցել է 105 մլն դրամ և 200 հզ. դոլար գումար:
Արտաշես Մեհրաբյանը հայտարարագրել է Աբովյանում 170 քմ մակերեսով արտադրական շինություն և «Աբովյան» TV-ում 60% բաժնեմաս: Որևէ եկամուտ, շարժական գույք, կամ 8 մլն դրամը գերազանցող իր, բանկային հաշվեհամարին գումար Մեհրաբյանը չի հայտարարագրել:











































