ԲՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ափսոսանքով նկատեց, որ ԱԳ նախարարն ու փոխնախարարը նիստը չավարտված` գնացին:
Ն. Զոհրաբյանը հայտարարեց` բնական էր, որ Ադրբեջանն իր հրեշին՝ Ռամիլ Սաֆարովին, ետ բերելու համար ջանքեր էր գործադրում դատապարտման առաջին իսկ օրից, և բնական է, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով փորձում է իր դիվանագիտությունն առաջ տանել: Նա շեշտեց, որ ՀՀ-ն իր աշխատաոճը ճշգրտելու խնդիր ունի՝ նկատելով, որ արտաքին քարոզչության համար բյուջեով հատկացվող 21 մլն դրամն ավելացնելու իր առաջարկը մերժվեց:
Ըստ Զոհրաբյանի՝ այն, որ ԵԽԽՎ-ում և «Եվրանեսթ»-ում Ադրբեջանի անդամները դիմավորում էին հրեշին, Ադրբեջանի կառավարության կողմից մեսիջ էր` ուղղված հենց այդ կառույցներին:
«Ի՞նչ կարող էին անել մեր պատկան մարմինները, որ չարեցին»,- հարցադրում արեց Ն. Զոհրաբյանը՝ հայտնելով, որ Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը դեռ օգոստոսի 20-ին բարձրաձայնել է արտահանձնման մասին, իսկ օգոստոսի 21-22-ին եկել է ՀՀ և հանդիպել սփյուռքի նախարարության և ԱԳՆ պաշտոնյաների հետ և նախազգուշացրել: Հայ համայնքի ղեկավարությունը պաշտոնական հարցում է արել, և Հունգարիայի խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է, որ Սաֆարովին արտահանձնելու են:
«Պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները շատ ավելի ազնիվ են եղել հայ համայնքի հետ, երբ նրանց ասել են, որ արտահանձնում լինելու է, քան մեր ԱԳՆ-ի հետ, երբ մինչև վերջին պահը ըստ մեր ԱԳՆ-ի իրենց ասվել է, որ նման բան հնարավորն չէ»,- նշեց Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, թե ինչու ՀՀ ԱԳՆ-ն Աժ-ին չի տեղեկացրել, որը կարող էր զբաղվել այդ հարցով:
«Իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք, որ Ադրբեջանը 1 տարի շարունակ բանակցում էր»,- ԱԳՆ-ին իր հարցն ուղղեց պատգամավորը:







































