Նախագահությունը չի փոխել Բարաք Օբամային, այն միայն նրա մոտ նոր գծեր է առաջ բերել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարում:
Այս օրերին Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում ընթացքող համագումարն այսօր պաշտոնապես կառաջադրի Օբամայի և Ջոզեֆ Բայդենի թեկնածությունները նախագահի և փոխնախագահի պաշտոններում:
«Իմ ամուսնու տոկունությունը փորձած… այդքան դժվարություններից, տրիումֆներից և պահերից հետո ես կարող եմ ասել. նախագահությունը քեզ չի փոխում. այն վեր է հանում՝ ով ես դու… Երբ ինձ հարցնիւմ են՝ փոխե՞լ է արդյոք քո ամուսնուն Սպիտակ տունը, ես կարող եմ ազնվորեն ասել. ինչ վերաբերում է նրա համոզմունքներին ու սրտին՝ Բարաք Օբաման նույն տղամարդն է, ում ես սիրահարվել եմ շատ տարիներ առաջ»,- ասել է Միշել Օբաման, որի խոսքերը մեջբերում է Fox News հեռուստաալիքը:
«Բարաքի համար հաջողությունը փողով չի չափվում: Նրա համար հաջողությունը փոփոխությունն է մարդկանց կյանքերում: Նա նույն տղամարդն է, որը, երբ ծնվեցին մեր դուստրերը, ամեն մի քանի րոպեն մեկ մոտենում էր նրանց մահճակալներին՝ ստուգելու համար՝ շնչու՞մ են նրանք, և հպարտությամբ նրանց ցույց էր տալիս մեր ծանոթներին»,- ասել է նա:
Միշել Օբաման պատմել է երիտասարդ տարիներին մասին, երբ ապագա նախագահի միակ պատշաճ կոշիկները կես համարով փոքր էին: Նա նաև պատմել է իր և ամուսնու մանկության մասին. Միշելի խոսքերով՝ իրենց հարազատները, չնայած բոլոր դժվարություններին, հավատացել են ամերիկյան երազանքին, հավատացել են, որ աշխատանքի և ազնվության ճամապարհով միշտ կարելի է ամեն ինչի հասնել:
«Ի վերջո, երբ պետք է որոշում կայացնել՝ որպես նախագահ, այն ամենը, ինչով դու առաջնորդվում են, քո արժեքներն են և փորձը, որոնք էլ հենց քեզ դարձնում են այն, ինչ դու կաս»,- ասել է առաջին տիկինը՝ որպես օրինակ բերելով նախագահի հոգատարությունն իր քաղաքացիների նկատմամբ, նրա ձեռնարկած քայլերը փոքր բիզնեսին և կրթությանը աջակցելու ուղղությամբ, առողջապահւթյան ոլորտի բարեփոխումը:
Միշել Օբաման չի խուսափել խոսել այն հարցի մասին, որի շուրջ դեմոկրատնետրի և հանրապետականների հայացքները խիստ տարբերվում են:
«Նա կարծում է, որ կանայք լիակատար իրավունք ունեն որշում կայացնելու իրենց մարմնի և առողջության վերաբերյալ»,- ասել է նա՝ ակնարկելով աբորտների շուրջ վեճերը, որոնց դեմ հանդես են գալիս հանրապետականները:
«Ես նրա մեջ սիրում եմ այն, որ երբեք չի մոռանում՝ ինչ է սկսել: Ես նրա մեջ սիրում եմ այն, որ մենք կարող ենք հավատալ նրան. եթե նա ինչ-որ բան որոշել է անել, կանի դա՝ չնայած բոլոր դժվարություններին: Ես նրա մեջ սիրում եմ այն, որ նրա համար չկա «մեր»-ի և «նրանց»-ի տարանջատում: Նրա համար տարբերություն չկա՝ դեմոկրատ, թե հանրապետական, կամ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Նա գիտի, որ մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը, և միշտ պատրաստ է լսել լավ գաղափարներ»,- ասել է առաջին տիկինը:
«Մենք պետք է դարձյալ համախմբվենք հանուն այն մարդու, որը, մենք հավատում ենք, կարող է մեր երկիրն առաջ տանել: Դա իմ ամուսինն է և մեր նախագահ Բարաք Օբաման»,- եզրափակել է Միշել Օբաման:
Հիշեցնենք. երեկ ԱՄՆ նախագահը Վիրջինիայի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հազիվ է զսպում արցունքները, երբ լսում է իր կնոջ ելույթները: Օբաման պատրաստվում էր կնոջ ելույթը դիտել տանը՝ դուստրերի՝ Մալիի և Սաշայի հետ:










































